Thursday, April 18, 2024
> Uncategorized > Վստահ եմ, որ որպես ծառայություն սա անհամեմատ բարձր որակ կունենա. քաղաքապետի տեղակալը ավտոկայանատեղիների մասին

Վստահ եմ, որ որպես ծառայություն սա անհամեմատ բարձր որակ կունենա. քաղաքապետի տեղակալը ավտոկայանատեղիների մասին

Չի կարելի ասել, որ Երևանի վճարովի ավտոկայանատեղիները մասնավորեցված են, դրանք պարզապես տրված են մի կազմակերպության, ով պետք է այդ սպասարկումը իրականացնի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալներից Արամ Սուքիասյանը և նշեց, որ վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծելու նախաձեռնությունը քաղաքապետարանինն է:

«Սպասարկման համար, ինչպես և ենթադրվում է, որոշակիորեն պետք է վճարվի, որից ինչ-որ գումար պետք է վճարվի այդ սպասարկումը իրականացնող կազմակերպությանը, քանի որ որոշակի գործառույթներ է իրականացնելու՝ կամերաների տեղադրում, հետևողական մաքրության ապահովում և այլն: Քաղաքապետարանի որոշմամբ վճարովի ավտոկայանատեղիների սպասարկումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, իսկ մինչ այդ հանրույթին ավելի մանրամասն կծանուցվի կանոնակարգի մասին»,- ասաց նա:

Հարցին, թե վճարովի կայանատեղիների համար վճարվող գումարներից արդյո՞ք որոշակի միջոցներ ուղղվելու են համայնքային բյուջե, Արամ Սուքիասյանը պատասխանեց. «Անշուշտ»:

Իսկ դիտարկմանը, թե վարորդները մտահոգություն են հայտնում, որ իրականում իրենք վստահ չեն, որ եթե մեքենան կայանեն, հետո այն կգտնեն ապահով վիճակում կամ վճարումներ անելու պարագայում, վստահ չեն, որ կայանելու տեղ կգտնեն, նա ասաց. «Միշտ կարելի է ունենալ անհանգստություններ, բայց պետք է այն լինի նաև արդարացված: Ես չեմ կարծում, թե այսօրվա ավտոկայանատեղիներում շատ ավելի անվտանգ են մեքենաները կանգնեցնում, քան թե դա կլինի վաղը: Վստահ եմ, որ որպես ծառայություն սա անհամեմատ բարձր որակ կունենա»:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ հորդորեց բոլորին ավտոկանայատեղիները մասնավորի շահագործմանը հանձնելու հարցում մեղադրելու փոխարեն ընթերցել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը:

«Տարածքը մասնավորինը չի, էլի հանրային տարածք է, և Երևան համայնքը պարտավոր է վերոնշյալ օրենքի պահանջը և տրամադրել տնտեսվարողի, քանի որ ինքը իրավունք չունի իրականացնել շահույթ հետապնդող գործունեություն: Եթե այս հարցով կան որոշակի բացեր, խնդրում եմ արդեն դիմեք Ազգային ժողով»,- ասաց նա:

Leave a Reply