Saturday, December 21, 2024
> Uncategorized > Դիլիջանի միջազգային դպրոցը կգործի 2014-ի սեպտեմբերից

Դիլիջանի միջազգային դպրոցը կգործի 2014-ի սեպտեմբերից

Դիլիջանում կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստից առաջ խորհրդի անդամները այցելել են շինհրապարակ, որտեղ շարունակվում է դպրոցի կամպուսի ինտենսիվ շինարարությունը:

Շինարարության ընթացքը խորհրդի անդամներին ներկայացրել է դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը (Tim Flynn ստուդիայի ղեկավարը), որը ևս ընդգրկված է DIS-ի հոգաբարձուների խորհրդում: Դպրոցից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել են հոգաբարձուների խորհրդի նոր անդամները` RD Group ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեպերսը:

DIS հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել է Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:
Քոլին Ջենքինսը ներկայացրել է DIS-ի ուսուցիչների և աշակերտների հավաքագրման ռազմավարությունը: Դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին` այն կկարողանա ընդունել 650 աշակերտներ առնվազն 60 երկրներից:
«Հուսով ենք, որ հունիսի սկզբին կհաղթահարենք Միավորված աշխարհի քոլեջների (UWC) ընտանիքին անդամակցելու հերթական փուլը և հուսով ենք դառնալ UWC Dilijan», – ասել է նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:
DIS-ի անդամակցությունը United World Colleges (UWC)-ին կապահովի ուսանողների միջազգային կազմը`դառնալով Միավորված աշխարհի քոլեջների լիիրավ անդամ, դպրոցը կկարողանա աշակերտներ հավաքագրել տարբեր երկրներում UWC ազգային կոմիտեների ցանցի շնորհիվ:

Leave a Reply