Sunday, December 22, 2024
> Uncategorized > Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում կքննարկեն ՀՀ գործակցությունը Մաքսային միության հետ ու Ղարաբաղի հարցը

Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում կքննարկեն ՀՀ գործակցությունը Մաքսային միության հետ ու Ղարաբաղի հարցը

images/putin.png


Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի նախագահներՍերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն, մասնավորապես, Հայաստանի գործակցության հեռանկարները Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ, երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


«Նախանշված է նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ տարածքում: Մասնավորապես, Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ՀԱՊԿ շրջանակներում բազմակող գործակցության ակտուալ հարցեր»,- ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է արտաքին առևտրի ոլորտում, որի բաժինը հասնում է 23,5 տոկոսի: Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում:

«Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերը՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- հավելել է Ուշակովը:

Ավելի վաղ փորձագետներն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերը կլինեն գլխավոր երկու նախագահների հանդիպմանը: Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Մոսկվա այցելության ընթացքում Հայաստանի նախագահը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության թե ԵՄ-ին ասոցիատիվ անդամակցության: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, թե Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը փոփոխությունների չի հանգեցնի ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության հարցում:

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և «Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ նախատեսված է նոյեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության ղեկավարության ու Արևելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում:

Մյուս փորձագետներն այն կարծիքի էին, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հարցը գլխավորը չի լինելու մոսկովյան հանդիպման ժամանակ: Առավել ևս, որ երկու Միությունների մասին ընտրության հարց չկա, քանի որ Հայաստանի կողմից այդ համագործակցության տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն ամենևին կասկածի տակ չի դնում Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը:

Կարծիք է հայտնվել նաև, որ Սարգսյան-Պուտին հանդիպման հիմնական հարցը կլինի ղարաբաղյան կարգավորումը աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցնեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Ներկայումս պաշտոնապես գրանցված է 12 թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Leave a Reply