Sunday, November 24, 2024
> Uncategorized > Ցեղասպանություն

Ցեղասպանություն

1909թ. ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ

2009. ողբերգությունից 100 տարի անց

Ադանայի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլը հանդիսացավ: 1909թ. ապրիլին իրականացված բռնությունները համընկան սուլթան Աբդուլ Համիդ II-ի (1876-1909) համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Աբդուլ Համիդը ստիպված էր եղել վերականգնել Օսմանյան սահմանադրությունը` որպես հետևանք 1908թ. Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից իրականացրած երիտթուրքական հեղափոխության: Միջերկրականի ափին գտնվող ծաղկուն շրջանը` Ադանայի նահանգը` Կիլիկիայի հին իշխանությունը, իսկ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից: Անկարգությունները հատկապես դաժան էին Ադանա քաղաքում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, ողջակիզվեցին 4437 հայեր, որի արդյունքում քաղաքի մոտ կեսն ավիրվեց և ոմանց համար առիթ հանդիսացավ նկարագրելու ստեղծված դժողքը` որպես «հոլոքոստ»: Անկարգությունները տարածվեցին ամբողջ նահանգով, և հայերը տվեցին շուրջ 30000 զոհ: Մինչ Ադանայում դիմադրության ապարդյուն փորձեր էին արվում, իսկ շրջակա փոքր գյուղերի հայերը դաժանաբար սրի էին քաշվում, երկու առավելապես հայերով բնակեցված քաղաքներ հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին: Կիլիկիայի լեռներում գտնվող Հաճընը դիմադրեց պաշարմանը, միաժամանակ Դյորթյոլի (Չորք-Մարզվան) 10000 հայերը դիմակայեցին 7000 թուրքերին, ովքեր շրջապատել էին քաղաքը և կտրել ջրամատակարարումը:

Ջարդերի ծավալը դրդեց կառավարությանը սկսել հետաքննություն, սակայն մեղավորների անպատժելիությունը հարված հասցրեց հայերի` նոր վարչակարգի կողմից ազատական բարեփոխումների իրականացման հույսերին: Օսմանյան կայսրության հետադիմական տարրերը կասկածվում էին կոտորածների սանձազերծման մեջ` Միություն և առաջադիմություն կուսակցությանը վարկաբեկելու համար, սակայն երիտթուրքերը ևս ներգրավված էին: Ադանայի ջարդն ի հայտ բերեց երիտթուրքական շարժման երկակի բնույթը, որը բաղկացած էր թե´ արմատական, և թե´ ազատական տարրերից: Սա նաև ցույց տվեց Օսմանյան պետության ազգայնականների և արմատական ու պահպանողական տարրերի շահերի համընկնումը զարգացած փոքրամասնությունների նկատմամբ իրենց վարած քաղաքականության մեջ: Երիտթուրքերի համար Ադանայի կոտորածները դարձան Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ թուրքերի ատելության ուժգնության ապացույցը և հնարավորություն ընձեռեցին ստուգելու իրենց հմտությունը` այդ ուժերին քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Չնայած սահմանադրական կառավարության վերականգնմանը` մասայական բռնությունների ոգին վերածվեց պետական հզորության մեխանիզմի:

Ծիծեռնակաբերդի մասին

Ցեղասպանության հուշարձանը Երևանում

images/GENOCIDE_2.png
19 րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ… Այս մասին ավելի մանրամասն տե՜ս Մեծ Եղեռնի մասին բաժինը:

Այս իրողությունը ժամանակին դատապարտեցին բազմաթիվ առաջադեմ մտավորականներ` գերմանացի արևելագետներ Յ. Լեփսիուսը, Ժ. Մարկվարտը, անգլիացի պատմաբան Ա. Թոյնբին, ամերիկացի դիվանագետ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուն, ֆրանսիացի գրող Ա. Ֆրանցը, ռուս գրականագետ Վ. Բրյուսովը և այլոք: Պետական մակարդակով Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:
Հուշարձանը կազմված է 2 մասից: Առաջին մասը բարձր սյուն է: Մյուս մասը կազմված է դեպի հավերժական կրակը թեքված, ավելի ցածր պատերից, որոնց միջև կան աստիճաններ: Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին այստեղ են այցելում մեծ թվով հայեր և օտարերկրացիներ: Այդ օրը կրակի շուրջը պատվում է ծաղիկների շերտով, որի բարձրությունը երբեմն անցնում է 1 մետրից:
Հուշարձանի 2 մասից բաղկացած լինելը ժողովրդի մոտ տարբեր բացատրություններ ունի: Մի մասի կարծիքով, 2 մասերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, այլոց կարծքով` Մեծ ու Փոքր Մասիսները:
Հուշահամալիրի տարածքում գործում է նաև Ցեղասպանության թանգարան:
Ծիծեռնակաբերդի հուշարձանը այժմ Երևանի տեսարժան վայրերից է…

1915-1916 թվականները
images/GENOCIDE_1.png

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:

Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ…
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ… Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին…

1908-1914 թվականները

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը:
1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք:
Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրութունը պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:

1916 թվականից հետո

Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին: Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականների, արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում… Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ են պահում աշխարհի պետությունների մեծ մասը…

Ցեղասպանության մասին

Մինչև 1908 թվականը

images/GENOCIDE_3.png

1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համա

ր հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև…
Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ:
Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը

Երկրների ցանկ

1. Ուրուգվայ (1965 թվին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով)
2. Կիպրոս (1982 թվին` Պառլամենտի բանաձևով)
3. Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով)
4. Արգենտինա (1993-ին և 2005-ին` Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով)
5. Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով)
6. Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով)
7. Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով)
8. Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով)
9. Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով)
10. Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով)
11. Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով)
12. Վատիկան (2000-ին)
13. Իտալիա (2000-ին` բանաձևով)
14. Շվեյցարիա (2003-ին` բանաձևով)
15. Սլովակիա (2004-ին` բանաձևով)
16. Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով)
17. Լեհաստան (2004-ին` բանաձևով)
18. Վենեսուելլա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
19. Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
20. Լիտվա (2005-ին՝ բանաձևով)
21. Չիլի (2007-ին՝ բանաձևով)

Leave a Reply